Այս պահին ունենք դեպքի նախնական քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են ինքնասպանության մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին տեղեկատվույթյունը։
Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ընդգծեց, որ մահվան ելքով դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են:
Գլխավոր դատախազն ընդգծեց, որ բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի և քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու և առավել ևս քննության արդյունքների մասին խոսելու առիթ ունենա։
Հարցին՝ արդյոք նմանություններ չի տեսնում արդյոք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ՝ Արթուր Դավթյանն ասաց, որ երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր և ստուգողական գործողություններ են իրականացվում։
«Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու եւ հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»,- ընդգծեց Դավթյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






