«Պարոն Բաբաջանյանի կողմից բացահայտ սանդրանք էր։ Ես լսել եմ Գևորգ Պետրոսյանի ելույթը, հորդորում եմ ուշադիր լսեք և լսեն բոլորը: Գևորգ Պետրոսյանի ելույթի մեջ չկար ո´չ վիրավորանք, ո´չ զրպարտություն»: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ մեկնաբանելով քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո խորհրդարանում սկսված թեժ բանավեճը։
Ըստ պատգամավորի՝ հաշիվներ պարզել, պարզանաբանումներ չեն եղել, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը։
«Հասկանում եմ՝ լրատվամիջոցներին, պետք է որոշակի սենսացիոն բաներ։ Կրկին նշեմ՝ սադրանք էր և, իհարկե,իրավիճակը լարվեց: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, սակայն որևէ ողբերգություն չկա»:
Աբովյանը ճշտեց, որ Գևորգ Պետրոսյանի ելույթը գնահատում է օբյեկտիվ և հորդորեց լրագրողների չփնտրել սենսացիա այնտեղ, որտեղ այն չկա:
Նշենք, որ այս նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում վեճ բռնկվեց «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև:
Ազգային ժողովում ծագած վեճի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 4 պատգամավորի՝ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կարգապահապական միջոցներ կիրառեց՝ զրկելով նրանց մինչև այս օրվա ավարտը նիստերին դահլիճում ներկա լինելու իրավունքից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






