«Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Հերթական անգամ հորդորում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու, մտացածին նյութեր տարածելու միտումնավոր կամ ոչ միտումնավոր քայլերից, որոնք կարող են լուրջ վնասներ առաջացնել»,-ասվում է հայտարարությունում։ Այս մասին հայտնել է Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ անդրադառնալով ս.թ. հունվարի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված՝ «Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին» վերտառությամբ հոդվածին։
Ներկայացնենք, «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում մասնավորապես ասվում էր, որ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել և արդեն մեղադրանք է առաջադրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, եւ հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






