Երևանին արված նվիրատվությունների հարցով կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից տապալելուց հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասուլիս է հրավիրել և տալիս է պարզաբանումներ։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար Ընդդիմությունը մեկ քառորդ ստորագրություններ էր հավաքել, դիմել ԱԺ և ԱԺ նախագահի կողմից եռօրյա ժամկետում, չստանալով որևէ առաջարկություն կամ փոփոխություն, օրենքի ուժով Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է։
Պատգամավորը նշել է, որ Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցը պետք է քննարկվեր առաջիկա նստաշրջանի ընթացքում, սակայն իշխանական խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի՝ այս կերպ տապալելով հանձնաժողովի ստեղծումը։
«Եթե հանձնաժողովը ստեղծվեր, ապա իշխանությունն ունենալու էր 7 անդամ, իսկ ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» միասին 4 անդամ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությունը վախենում է ստեղծել հանձնաժողով, որտեղ իրենք ունենալու են մեծամասնություն։