Անհամատեղելի առողջական վիճակի դեպքում կալանք չպիտի կիրառվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «ԵԿՄ» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը։
Դիտարկմանը, թե այն չուղեկցվեց հասարակական դժգոհության բուռն ալիքով, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանսֆորմացվե՞լ է, և որքանո՞վ են նրա առողջական վիճակի մասին մամուլում տեղ գտած լուրերը համապատասխանում իրականությանը, նախարարը պատասխանեց.
«Տեղեկություն կար, որ խնդիրները խորացել են, դա մեր տիրույթում չի եղել, իրավապահների տիրույթում է եղել: Հասարակական ընկալման տեսակետից դժվարանում եմ մեկնաբանել: Եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որ անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ պետք է չկիրառվեն»:
Հիշեցնենք, որ հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






