Հունվարի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի գլխավորությամբ, ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնիի (Elisabetta Belloni) ղեկավարած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև գալիք բարձրաստիճան փոխայցերին:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որի ընթացքում զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






