Հայաստանը, Ըստ The Economist պարբերականի վերլուծական կենտրոնի զեկույցի, դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ «Միջազգային ժողովրդավարության ինդեքս» ամենամյա զեկույցում Հայաստանի ժողովրդավարությունը գնահատվել է 5.54 միավոր` նախկին 4.79-ի փոխարեն, և 17 կետով բարելավել դիրքերը 107 երկրների շարքում` 103–րդ հորիզոնականից զբաղեցնելով 86–րդ տեղը։ Ժողովրդավարության ինդեքսի հիմքում 5 կարգ է՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։
Միավորները բաժանվել են հետևյալ սկզբունքով՝ ընտրական գործընթացն ու բազմակարծությունը՝ 7,50, կառավարության գործունեությունը՝ 5,36, քաղաքական ներգրավվածությունը՝ 6,11, քաղաքական մշակույթը ՝ 3,13, քաղաքացիական ազատությունները՝ 5,59:
Վերլուծելով այդ կատեգորիաները՝ The Economist-ի փորձագետները երկրները դասակարգում են 4 տեսակի ռեժիմներով ՝ «լիակատար ժողովրդավարություն», «անկատար ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»։
Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ Այսպիսով, Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը՝ առաջ անցնելով Վրաստանից։ Երկիրն ընդգրկվել է նաև նախորդ զեկույցի համեմատ առավել մեծ առաջընթաց արձանագրած երկրների շարքում։
Հետաքրքիր են 2019 թվականի տվյալները ողջ տարածաշրջանի համատեքստում։ Վրաստանում «հիբրիդային ռեժիմների» շարքին է դասվել, այն 89-րդ տեղում է, Թուրքիան նույնպես ճանաչվել է «հիբրիդային ռեժիմ» և զբաղեցնում է 110-րդ տեղը: Ռուսաստանում «ավտորիտար ռեժիմը» 134-րդ տեղում է, Ադրբեջանը, ըստ զեկույցի, գտնվում է էլ ավելի անմխիթար վիճակում՝ զբաղեցնելով 146-րդ տեղը, վերջապես ամենավատը գնահատվում Է Իրանը՝ «ավտորիտար ռեժիմ», որը զբաղեցնում է 151-րդ տեղը։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն ու տնտեսական զարգացումն է: Բացասական հանգամանքների թվում նշվում է չլուծված ղարաբաղյան հակամարտությունը։
Զեկույցի հեղինակների կարծիքով, Հայաստանում 2019-2023 թվականներին ՀՆԱ-ի միջին աճը կկազմի 4,7 տոկոս:
Զեկույցի համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշներն ավանդաբար գրանցել են Սկանդինավյան երկրները՝ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան, ապա կրկին սկանդինավյան երկրները՝ Ֆինլանդիան, Դանիան: Առաջատարների թվում են նաև Կանադան, Ավստրալիան և Շվեյցարիան։
Ի դեպ, ԱՄՆ-ն դասված է «անկատար ժողովրդավարությունների» շարքին և զբաղեցնում է 25-րդ տեղն աշխարհում։ Ամենավերջին՝ 167-րդ տեղում է Հյուսիսային Կորեան, որտեղ, օրինակ, քաղաքացիական ազատությունների ինդեքսը 0 է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






