Կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է, որ ոստիկանության բարեփոխումները կառավարության ձևավորման առաջին օրից եղել են օրակարգում և ընթացիկ կարևորագույն հարցերից է:
Գոհ լինելով ոստիկանության գործունեությունից՝ վարչապետն ընդգծել է, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով:
Փաշինյանի հավաստմամբ՝ ռազմավարական փոփոխություններ ասելով պետք է հաշվի առնել , որ այն ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ:
«Հույս ունենք և համոզված ենք, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա, բայց շատ ավելի, կրկնակի կարևոր է այն նոր բովանդակությունը, որը մենք այս բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում և ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով, հասարակական կարգի պահպանման, իրավակարգի պահպանման և, իհարկե, հանցագործությունների կանխարգելման և հանցավորության դեմ պայքարի առումով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






