ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում:Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը նշել է, որ ՍԴ–ի այն անցումային դրույթները, որոնք պետք է սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմի լիարժեք անցում ապահովեին, այս պահին արված չեն և վստահության ճգնաժամից բացի, սա է Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը։
«Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են»,- ասել է ԱԺ պատգամավորը։
Խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն այսօր խոսում է քաղաքական ընդդիմախոսի բառապաշարով և դրանով ինքն իրեն անհամատեղելի դարձնում իր զբաղեցրած պաշտոնին, քանի որ նա քաղաքական գործչի դիրքերից է հանդես գալիս, ոչ թե ՍԴ նախագահի։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասել, որ 2018 թվականի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։
ՍԴ նախագահն արձագանքել էր վարչապետի հայտարարությանը՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե վարչապետը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հրայր Թովմասյանի՝ իրեն փոխանցած գրչի լուսանկարը, որն իրեն Թովմասյանը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ և հրաժարվել վերցնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






