Մենք պետք է հասկանանք՝ Արթուր Վանեցյանի հայտարարություններին վերաբերվում ենք որպես ԱԱԾ նախկին պետի, թե ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարությունների: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը։
Ըստ Կոնջորյանի՝ Արթուր Վանեցյանի քաղաքական հայտարարությունները բավական մակերեսային են, քանի որ նա չունի քաղաքական կապիտալ և նրա գործունեությունը տեղավորվում է միայն ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնի շրջանակում:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ նախկին պետի հայտարարություններն ինչ-որ իմաստով իրականությունից կտրվածության դրսևորում ունեն։ Ըստ Կոնջորյանի՝ ԱԱԾ նախկին պետի հայտարարություններն ավելի շատ համացանցում երևալու ցանկությամբ են պայմանավորված։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ իրենք այլևս չեն անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին, քանի որ նա դեռևս քաղաքականություն մտնելու հայտ չի ներկայացրել:
«Երբ նա պաշտոնապես կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ և բոլորի դիրքերը հստակ կլինեն, մենք կհասկանանք՝ որպես ինչ ենք արձագանքում նրան: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք նրա մեկնաբանություններին չենք անդրադառնում»,- ասաց Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






