ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից ֆսենոֆոբիայի հերթական դրսևորմանը։
ՀՀ ԱԺ պատգամավորը մասնավորապես խոսել է Ռուզան Մանթաշյանի հետ կապված միջադեպի մասին․«Բանը հասել է նույնիսկ նրան, որ ավելի չեզոք համարվող մշակութային ոլորտում ունենք խնդիրներ։
Խոսքը հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի և Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջև միջադեպի մասին է։
Վերջինս հրաժարվել էր Դրեզդենի օպերային պարահանդեսի բացման ամենամյա արարողության ժամանակ երգել Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու հրավերը չեղարկվել էր։ Ասում են, որ այս խնդիրը լուծվել է. այդուհանդերձ նման խայտառակություն չպետք է հանդուրժել, և անհրաժեշտ է մեր բողոքի ձայնը բարձրացնել, հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ: Հայտնի խոսք կա. ասում են՝ որոշ դեպքերում ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ժողովրդից: Մենք այսօր պետք է շատ արդյունավետ քննարկումներ կատարենք, դրանք պետք է բխեն բոլոր ժողովուրդների, պետությունների շահերից»։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այդ մասին գրել էր նաև Forum Opera ամսագիրը:
Դրանից հետո Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Ռ. Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։ Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալությունը հաստատել է՝ սոպրանոյի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկվել է, որովհետև տենոր Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ: Նախօրեին Հասմիկ Պապյանը հայտնել է, որ Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






