ԵԽԽՎ-ն ձմեռային նստաշրջանի այսօր՝ հունվարի 30-ին, կայացած լիագումար նիստի ընթացքում քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին։
ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր «խավիարակեր լոբբիստների» միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները և հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիծը։
«Հարգելի´ գործընկերներ, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ անդամակցությունից ի վեր մեր Վեհաժողովի թոփ թեմաներից է։ Տասնյակ անգամներ Վեհաժողովը, ԵԽ նախարարների կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին, բազմաթիվ բանաձևերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։
Եվ քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիևի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» և «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալներն այն մասին, թե ինչպես և ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ, բայց անկեղծորեն պիտի խոստովանեն, որ Լուկայի կողքին, մեղադրյալի աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին և գուցե նաև ներկա որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ ևս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։
«Ու երբ ԵԽԽՎ այլևս նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաև իր անունը՝ ադրբեջանական կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը անվանական կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր Վեհաժողովում պաշտպանել են սուտը, կեղծիքը և նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների»,- ասել է Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ մեկ տարի առաջ էլ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրել է 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։
«Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






