Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք կառույցի բարեփոխումների գործընթացը, վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը: Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Նարեկ Մալյանին և «Ադեկվադի» անդամներին բերման ենթարկելուն՝ Սիմոնյանը նշեց, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել և գործել է իր իրավունքների շրջանակում:
«Այդ անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով և պետք է տարանջատել քաղաքական գործիչներին և համացանցում քֆուր տվողներին, որպեսզի չանարգվեն մյուս բոլոր քաղաքական գործիչները»,- նշել է ԱԺ փոխնախագահը։
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, որ Հայաստանում այս տարի կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Սիմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը կտրված է իրականությունից, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, արտահերթ է միայն ՀՀ-ին տարիներով հասցված վնասի վերականգնումը:
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և Հրայր Թովմասյանի մասին՝ նշելով, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել մեկ-երկու ամսվա ընթացքում, և ՍԴ-ն, որը դեռևս մնացել է հին աշխարհում, ազատվելու է կապանքներից և հայտնվելու է նոր Հայաստանում՝ անկախ Հրայր Թովմասյանի ցանկությունից:
«Ես պատկերացնում եմ ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և դատական համակարգ: Այսօր մենք ունենք ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող կառավարություն, Ազգային ժողով, և մնացել է դատական համակարգը, որը քաղաքականացված է, և որը փորձում է պահել Հրայր Թովմասյանը»,- ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և այն վնասում է Հայաստանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






