Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է:
Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Առանձնահատուկ կարևորվել է համագործակցությունը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:
Որպես համագործակցության արդյունավետ հարթակ, նշվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և ձևավորված բարեկամական խմբերի աշխատանքը:
Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






