ՀՀ ոստիկանությունում շարունակվում է Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ ծառայողական քննությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Այդ նյութերով զբաղվող փաստաբանը և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը դիմել էին Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված: Դեռ ամեն ինչ շարունակվում է: ՀՔԾ-ում, կարծում եմ, մոտ ժամանակներս իրավական գնահատական կտան, և, եթե մեր ծառայողների գործողություններում լինեն կարգապահական բնույթի խախտումներ, ես կարձագանքեմ, և համարժեք կարգապահական տույժի կենթարկեմ»,- ասաց ոստիկանապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել համալսարանում գտնվող իր աշխատասենյակից: Ափոյանը ոստիկանության բաժանմունքում վկայի կարգավիճակով հարցաքննվելուց հետո դուրս է եկել բաժանմունքից: ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին՝ ԵՊՀ բակում հնչած կրակոցների գործով, և նշել, որ դեպքի պահին այդ վայրում չի եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






