Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները:
Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայված կազմով նիստին մասնակցել է նաև Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու համար, և ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում խորհրդի նիստին:
ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել նրանց՝ հավաստիացնելով, որ բոլորը պատրաստ են ակտիվ և արդյունավետ
համագործակցության:
Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք
Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,-ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով նիստի օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվել է ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը և այդ խոչընդոտների մի մասով այսօր որոշումներ են կայացրել:
«Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:
Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա»,-ընդգծել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին:
«Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,-նշել է կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը նկատել է, որ փետրվարի 1-ին ավարտվում է ԵՏՀ–ում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար և Տիգրան Սարգսյանին հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
«Ցանկանում եմ նաև բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին՝ Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում:
Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալելԵվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր
կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով»,-ընդգծել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






