Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կիկուին՝ Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշելով, որ չնայած երկկողմ քաղաքական ու հումանիտար կապերին, երկրներն առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով չեն կարող պարծենալ։
«Մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է ՀՀ վարչապետը:
Մոլդովայի վարչապետը համաձայնել է ՀՀ կառավարության ղեկավարի խոսքի հետ՝ ընդգծելով, որ երկրները համագործակցության մեծ հնարավորություններ ունեն։
«Մոլդովան Եվրոպական միության հետ ազատ առևտրի ռեժիմ ունի, և, հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը՝ կարծում եմ, որ կկարողանանք շատ լավ օգտագործել այդ հնարավորությունը»,-ընդգծել է նա։
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն նշել է, որ Հայաստանն ու Մոլդովան տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ ունեն։ «Ես կարծում եմ, որ հարկավոր է վերսկսել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները: Դա տարբեր հարցերի քննարկման լավ հարթակ է և համագործակցությունը զարգացնելու հնարավորություն»,- ասել է Մոլդովայի վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






