Նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը։ Այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը՝ նշել են․
«Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հանրապետության նախագահը կարևորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը և համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա»:
Հարցին՝ արդյոք նախագահը կարծում է, որ ՍԴ նախագահի դեմ գործադիր իշխանության կողմից հարձակում է տեղի ունենում (հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը)՝ նախագահի աշխատակազմից նշել են․
«Հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից»։
Նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հետևյալն է․
«Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ և մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ և արդյունավետ, ծառայի բացառապես պետական և ազգային շահերին: Այս առումով կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը, երբ կհստակեցվի դրանց ամբողջական փաթեթի կոնկրետ տեքստը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






