Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:
Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին՝ մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը:
Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մասնավորապես նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






