ՀՀ ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստում օրակարգային հարցով հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում նախ անդրադարձավ ստեղծված իրավիճակի նախապատմությանը:
Հովակիմյանը նշեց, որ 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՍԴ փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար էր և ի պաշտոնե ընդգրկվեց դրա կազմում, իսկ երբ այդ փաստաթուղթը եկավ խորհրդարան, Թովմասյանը ԱԺ-ում աշխատակազմի ղեկավար էր և, ըստ Հովակիմյանի, իր ներկայությամբ ապահովել է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելը:
Ըստ Հովակիմյանի՝ ՍԴ անդամ 7 դատավորներն ունեն ուղղակի պատասխանատվություն վերջին 2 տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների ձևախեղման, ժողովրդի կամքի վրա բռնանալու համար:
«Հանրությունը, ի դեմս այս ՍԴ-ի, տեսնում է այն ՍԴ-ին, որը տարիներ շարունակ ծեծել է, ջարդել է: 2008-ին ասում էր՝ դե, մի 10 մարդ է զոհվել: Դե հիմա»,- ասաց իմքայլական պատգամավորը:
Հովակիմյանի կարծիքով վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք էլ հարցն ամբողջությամբ չի լուծում: Դա է պատճառը, որ ներկայացրել է Սահմանադրության փոփոխության նախագիծ ,որով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» չի ընդունելու այս նախագիծը և ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը: Սա պարզապես ուղիղ ժողովրդավարություն է»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






