ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված ներկայացված սահմանադրական փոփոխությունների օրենսդրական նախաձեռնություններին։
«Լավ եք անում, որ պայքարում եք։ Մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ, հազարի դեմ պայքարեք, ա՜յ մարդ, բայց օրենքով պայքարեք»,- ԱԺ ամբիոնից իմքայլական պատգամավորների նախաձեռնությանն այսպես պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը քննադատելիս նա ասաց, որ իմքայլական պատգամավորներն իրենց վրա կուտակում են օրենքի խախտումներ, որոնք հետագայում հակադարձ գործընթացի են հանգեցնելու։ Իսկ դրա հետևանքով, ըստ Սիմոնյանի, տուժելու են ոչ թե այդ պատգամավորները, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը։
Տարոն Սիմոնյանը նշեց, որ ձևավորվում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը համակարգային լուծումներ պետք է առաջարկի կառավարության նախաձեռնությամբ, որում գերակայելու են իշխանության թևի ներկայացուցիչները: «Ինչո՞ւ եք խուսափում նորմալ համակարգային մոտեցումներից և ընտրում եք մակերեսային ճանապարհները»,- հարցադրում է արել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը:
Անդրադառնալով ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտի ներդրմանը՝ Տարոն Սիմոնյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ ասել է, որ չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից: Ըստ Սիմոնյանի՝ նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, եթե միանգամից 7 դատավոր դուրս գա ՍԴ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






