Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը շեշտել է, որ հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է․
«Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները:
Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






