Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին:
Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ընթացքում:
Նախագահական նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով:
Այցի շրջանակում Հորդանանի թագավորը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






