Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:
«Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը ապագայի հանդեպ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա: Համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ադյունք չի ունեն տնտեսության վրա, այլև կունենա աշխուժացնող արդյունք», — ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները պատրաստվում են գալ Հայաստան քվեարկելու համար։ Վարչապետը նկատեց, որ ստեղծում ենք տուրիզմի մի տեսակ, որը ընտրական տուրիզմն է։
Նա նաև կոչ արեց բոլորին գալ Հայաստան՝ նշելով, որ այժմ հնարավոր է անհամեմատ ցածր գներով ավիատոմսեր գնել:
«Քարոզարշավը չի կանգնեցնելու այն հսկայական կապիտալ ծախսերը, որ Կառավարությունը պլանավորել է, սա լուրջ խթան է տնտեսական ակտիվացմանը, այդ թվում անշարժ գույքի շուկայում առկա ակտիվությունը ևս նոր խթան է լինելու»,-նկատեց կառավարության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






