Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:
«Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։
Վարչապետը նաև անդրադարձավ Գերմանիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը՝ նշելով, որ Գերմանիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնեց Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար:
«Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։
Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում Փաշինյանն առանձնացրեց գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:
ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը:
«Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը:
Անդրադառնալով երկկողմ մշակութային համագործակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: «Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






