«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր կայացած նիստում որոշեց, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությունէ տարածել այս մասին՝ նշելով, որ այս գործընթացը օրինականության տեսակետից շատ բացեր ունի։
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց դատավորների հրաժարականը, նշանակված է ապրիլի 5-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






