Ընդդիմադիր «Դիմադրության շարժման» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է հայկական կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների հրապարակմանը։
Սաղաթելյանը նշեց, որ այս 6 կետերի հրապարակումից հետո էլ ավելի վստահ է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հնչեցնեն ձևակերպումն այն մասին, որ չեն դիտարկում կարգավորման որևէ տարբերակ, որի շրջանակներում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
«Ինչո՞ւ նրանք չեն ասում այս նախադասությունը. Ակնհայտ է, որ ժողովրդի վրդովմունքի ֆոնին նրանք փորձում են մանիպուլյացիաների միջոցով ասել, որ նման բան չեն ասել։ Գործող իշխանությունների քաղաքականությունը շատ հստակ է՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով», — ընդգծել է Սաղաթելյանը։
Պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տարբեր ձևաչափերով ընթացող բանակցությունների մասին հարցին Սաղաթելյանը հայտարարել է, որ այդ բանակցությունների շրջանակներում զիջումները կանխելու միակ ճանապարհը գործող իշխանությունների հեռացումն է: Նա ընդգծել է, որ իշխանության գալու դեպքում ընդդիմությունը չեղյալ կհայտարարի Բաքվի և Անկարայի հետ գործող վարչապետի ցանկացած պայմանավորվածություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






