Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին, տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել ՌԴ-ի փորձը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի փոխգործակցությունը։
Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ:
Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները:


































