«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։ Նամակներ են ուղարկվել ոչ միայն արեւմտյան կառույցներին, այլեւ՝ ռուսներին։ Արեւմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության եւ ցուցարարների միջեւ։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետեւում են իրադարձություններին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է՝ քպական պատգամավորները գնալով ավելի ու ավելի մեծ խնդիրներ ունեն, այսպես ասած, «մարդամեջ» դուրս գալու, որովհետև պարբերաբար հայտնվում են տհաճ վիճակներում: Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Նշվում էր, որ եղել է նույնիսկ քաշքշուկ: Թերթին այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել»: Արդյունքում պատգամավորն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզապես ճողոպրել է սրճարանից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետեւանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել: Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ «ճանապարհին» քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցը: Խոսքը, տարբեր տեղեկություններով, 12-15 պատգամավորի մասին է, իսկ «հիմքը» մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը: Սակայն խնդիրն այն է, որ այս հարցով Սահմանադրական դատարան մտնելու համար անհրաժեշտ են ամրակուռ ապացույցներ, որ բացակայություններն անհարգելի են: Հաջողվել է ճշտել այն պատգամավորների անունները, որոնք ընդգրկված են «պատժամիջոցների» ցուցակում՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Չարչյան, Լիլիթ Գալստյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան և այլն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմությունն անսպասելիորեն հայտնվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ գրեթե մեկ ժամ փակեց շենքի ելումուտը։ Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային։ Ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին․ հավանաբար, իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է գրոհել պետական շենքերի վրա։ Բայց քայլերթի մասնակիցները մեկ ժամից ազատեցին տարածքը եւ երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից եւ, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։ Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, հայտնի է նաեւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով: Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ եւ այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երեւանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







