«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին ընդդիմության ավտոերթը դեպի Գյումրի եւ հանրահավաքը խափանելու համար իշխանությունը մեծ ուժեր է8 մոբիլիզացրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նախնական հաշվարկ են արել եւ հասկացել, որ միայն մարզային իշխանությունների ուժերով՝ մարզպետի գլխավորությամբ, չեն կարող հաջողացնել այդ օպերացիան եւ մեկ օր առաջ Շիրակի մարզ են մեկնել ուժային կառույցների ղեկավարները։ Մասնավորապես ծնունդով Հոռոմ գյուղից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ շիրակցի ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է եւ նրա ջանքերով է Ռազմական ոստիկանության պետ նշանակվել։ Որոշել են մարդիկ ուղարկել ճանապարհը փակելու եւ դրա համար օգտագործել իրենցից կախման մեջ գտնվող գերիների հարազատներին եւ մի խումբ իշխանամերձ երիտասարդների, որոնց կոորդինացրել է Քոչարյան-Զաքարյան զույգը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար: Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին»:
«Հրապարակ» թերթը հարցազրույց է վարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. «Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է։ Եթե դուք սա համարում եք քաղաքական բովանդակություն, ապա ես դեմ չեմ։ Մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո և այսօր աշխարհում տեղի ունեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում մենք՝ որպես ազգ և պետություն, խնդիր ունենք աշխարհին նորովի ներկայանալու։ Հիմա մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, նոր հարաբերություններ են ձևավորվում, նոր արժեքներ։ Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն կասկած չկա, թե ինչու էր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար սկսել։ Փաշինյանին պետք էր իր գրպանային դատարանն ունենալ, ինչը նրան հաջողվեց։ Այսօր ՍԴ-ն բացառապես կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հատկապես քաղաքական բաղադրիչ պարունակող դիմումների հարցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն երեք նիկոլահաճո որոշում է կայացրել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դիմադրության շարժման՝ հանրահավաքի նպատակով դեպի Գյումրի շարժվելու ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։ «Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել․ սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմադրության շարժումն այսօր ավտոերթ կանի դեպի Գյումրի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







