ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Նշենք, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






