Ես հստակ գնահատական ունեմ իմ երեկվա ելույթի վերաբերյալ։ Այլ ելույթով մենք տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի ամբողջ բանակցային գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Հայաստանի և Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ ենք բացում։ Էկզոտիկ մտքեր են հնչում։ Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա Ղարաբաղից։ Ոչ, մենք դա չենք ասում։ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մնա Ղարաբաղում, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ»,- ասաց նա՝ շեշտելով, որ նահատակները դրա համար են ընկել։
«Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի և Արցախի համար հեռանկար բացվի։ Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։ Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։ Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






