Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում»,- փոխանցել են ամերիկյան դեսպանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Շառլ Միշելը նշել է Ալիևի և Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Ավելի ուշ՝ ապրիլի 8-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ռուսատյացության տենդի մեջ չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվելու ՌԴ-ի հետ այդ ձևաչափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






