Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ հանրահավաքը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Սաղաթելյանի կարծիքով՝ խորհրդարանն այս իրավիճակում ադեկվատ չէ երկրի մարտահրավերներին, իշխանությունը հասարակությանը շեղելու համար կեղծ օրակարգեր է շրջանառում, իրենք էլ քաղաքացիներին կոչ են անում գնալ հանրահավաքի՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր տարբերակներից։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքն ինչ-որ տեղ կապ ունի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ և կանխարգելիչ բնույթ է կրում։
«Տեղի են ունենում գործընթացներ, ուստի, շատ կարևոր է, որպեսզի ՀՀ քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, որպեսզի արձանագրվի, որ ՀՀ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու համար։ Իշխանության հիմնական արդարացումն այն է, որ իրենք ունեն ժողովրդից ստացած մանդատ, ունեն լեգիտիմություն և կարող են անել այն, ինչ ուզում են։ Իրենք սխալվում են, իրենք մանդատ չունեն երկիրը զիջումների տանելու և խաղաղության կեղծ լոզունգի տակ հարվածի տակ դնելու մեր պետության գոյությունը»,- նշեց նա։
Խորհրդարանական ընդդիմությունը բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է հանրահավաքի, այն համաժողովրդական բնույթ է կրելու։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ապրիլի 5-ին՝ ժամը 18.30-ին, դուրս գալ Ազատության հարապարակ` քննարկելու՝ ինչպես պահել Արցախն ու պաշտպանել Հայաստանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






