Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է։
ՔՊ-ականներն առաջարկում են վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց քսան օրվա ընթացքում: Նախաձեռնության հեղինակն ԱԺ ՔՊ պատգամավորներն են։
Իշխանական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ պաշտոնակատարներ նշանակել։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։
«2021 թվականի ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






