Նիկոլ Փաշինյանն Արցախը գցել է Ռուսաստանի գրպանը և իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Այս իրավիճակում, սակայն, ըստ նրա, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին գնալն ինքնասպանություն է:
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքան իրավիճակը՝ այսօր Հայաստանի և Արցախի համար ամենաանպաստ պայմաններ են պայմանագրի ստորագրման գնալու համար։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմից ավելի ձեռնտու ռեժիմ երբեք ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը չեն ունենալու Հայաստանում, հետևաբար, շտապում են ճնշում բանեցնել, որպեսզի հնարավորինս շատ օգտվեն»,- նշեց Շարմազանովը և հիշեցրեց՝ դեռ 2018 թվականին ինքը զգուշացրել է, որ հեղափոխության նպատակն Արցախի հանձնումն է և արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը։
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ Շարմազանովը նշեց, որ սա հումանիտար աղետ է։
«Ես զարմանում եմ, որ որևէ մեկը հույս է փայփայում, որ այս իշխանությունները Արցախի ժողովրդի տարրական խնդիրները կկարողնան լուծել։ Փաշինյանը գլուխ էր գովում, որ Ալիևի հետ ուղիղ կապ ունի, թող լուծի Արցախի գազի հարցը»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






