Ազգային ժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ընտրությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ծափողջյուններով ընդունեց։
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով իրեն տված վստահության քվեի համար։
«Դեռևս ամբողջությամբ չեմ գիտակցում պահի կարևորությունը։ Կարծում եմ՝ ձեզ համար ևս կարևոր պահ է, քանի որ ձեզ իրավունք է վերապահված ընտրելու ՀՀ նախագահի»,- ասաց նա։
Մեջբերելով Զիգմունդ Ֆրոյդի խոսքերը՝ նա նշեց․ «Իրականում մարդկանց մեծ մասը ազատություն չի ուզում, որովհետև այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր այդ պատասխանատվությունից չեք վախեցել։ Ձեր այս քաղաքական կյանքը, որը սկսվել է 2018-ից հետո, դրա ապացույցն է։ Ես գնահատում եմ ձեր վստահությունը իմ նկատմամբ հենց ինձ պատասխանատվության հնարավորություն տալու տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ այսօր Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ: Նախագահի թեկնածու առաջադրել է միայն իշխող ուժը․ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։
Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել, նրանք չեն մասնակցել նաև նախագահի ընտրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






