Ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել այս գործընթացը, այլև ՀՀ-ում, առհասարակ, ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությանը։
Ըստ նրա՝ հեքիաթներ են, թե ՔՊ-ն առաջադրել է նախագահի թեկնածու, Վահագն Խաչատուրյանը, Մամիջանյանի խոսքով, ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Խաչատուրյանը «Հանրայինի» եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ․ վերկուսակցական արբիտրը, անաչառությունը, հակակշռումները մոռացվում են այդ նախադասությունից հետո։ Այս գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն բացարձակ չունեինք»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ այն մարդը, որը պատրաստվում է լինել բոլորի նախագահը, իրավունք չունի հայտարարել, որ ինքը ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ է։
Անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, որ «Ազատագրական շարժումը» ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, և հարցին՝ արդյո՞ք «Պատիվ ունեմ»-ը կմիանա, Մամիջանանն արձագանքեց․
«Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում աթոռը, որ ստորագրահավաքի արդյունքում հեռանա։ Համարում եմ, որ մեր քաղաքացիները շատ ավելի ռադիկալ գործողություններ են ակնկալում, քան ստորագրահավաքը»,- ասաց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







