Որևէ նշանակություն չունեն լիազորությունները, եթե դուք ուզում եք աշխատել։ Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ նախագահի ինստիտուտի կայացմանը։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմանը, թե հանրային տիրույթ ժամանակ առ ժամանակ վարկած է նետվում, թե նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են և գործունեության լայն դաշտ չեն տալիս նախագահին։
«Պետք է կարողանալ գնահատել, որ մենք ապրում ենք մի հանրապետությունում, որի կառավարման համակարգը խորհրդարանական է, և ԱԺ դերը գերակայող է։ Սա չի նշանակում, որ հանրապետության նախագահն այստեղ անելիք չունի։ Ես չէի ասի արբիտր, պարզապես կուզեի երկխոսության հարթակ, որտեղ հանրապետության նախագահը պարտավոր է իրականում խոսել քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մարդկանց տարբեր խմբերի միավորումների հետ։ Դա իր պարտականությունն է»,- հայտարարեց նա, ապա հավելեց․
«Կարծում եմ՝ հանրապետության նախագահի դերը, լիազորություններն այս Սահմանադրության շրջանակներում բավականին են, որ նա լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







