«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դրանք 2021թ., 2020-ի համեմատ, 4500 հեկտարով պակասել են։ Ընդ որում, նկատենք, որ ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած, բայց 2021-ին, 2020-ի համեմատ, հակառակը՝ ավելացել են: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, 2020 թվականին՝ 222 հազար 700 հա, իսկ 2021 թվականին դրանք կազմել են 227 հազար 200 հա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, կամ իրենց մանդատ տան, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո վերաքննիչ բողոք ներկայացվեց»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչեւ օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երեւույթներ է բացահայտել եւ կանխարգելել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ մեկին բերման չեն ենթարկել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ձեւական ակտիվություն է դրսեւորում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց: «Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են»,– նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







