Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա։
«Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին, մեր սահմանապահներին, պայթյուններ են լսվել Ուկրաինայի շատ վայրերում», — ասել է Զելենսկին ուկրաինացիներին ուղղված ուղերձում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Նա հավելել է, որ «այդ կապակցությամբ, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի, Դաշնային ժողովի կողմից վավերացված ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերի, Դաշնային խորհրդի համաձայնությամբ, որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել».
Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայի իշխող ռեժիմի խղճի վրա։ Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ոչ թե Ուկրաինայի ժողովրդի, այլ Կիևում իշխանությունը զավթած խունտայի դեմ, ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






