«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալով խոստանում էր բաց ու թափանցիկ լինել հանրության համար, անգամ վարչապետական խոհանոցը, սառնարանն ու լողասենյակը չէր թաքցնում ժողովրդից, օրենքում կատարված փոփոխություններով գտավ իր եւ ընտանիքի ճոխ ծախսերը թաքցնելու ճանապարհը։ Հղում անելով «Գնումների մասին» օրենքին՝ ցանկացած ծախս ներկայացնում են իբրեւ պետական գաղտնիք։
Խորհրդարանական ընդդիմությունը «Գնումների մասին» օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության վերաբերյալ հայց է ներկայացրել ՍԴ։ Երեկ ՍԴ-ն այն վարույթ է ընդունել, քննությունը նշանակել են հունիսին։ Եթե բարձր դատարանը բավարարի ընդդիմության հայցը, ապա հեղափոխական թվացյալ համեստ պաշտոնյաներն այլեւս չեն կարողանա թաքցնել իրենց ցոփ ու շվայտ գնումներն ու ծախսերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում կայացան «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչն ինքնին բնական է: Սակայն առավել ցավալի էր տեսնել մեր հանրության որոշակի շրջանի բուռն քննարկումներն այն մասին, թե ադրբեջանցիներին որ ռեստորանն է «հաց տվել»:
Իրականում սա առավել քան ծայրահեղականացված ու անիմաստ քննարկում է հատկապես այն դեպքում, երբ այդ պատգամավորներն արդեն հասել են Երևան: Շատերի կարծիքով, ի սկզբանե գործող իշխանությունները չպետք է թույլ տային նրանց այցը: Օրինակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ եթե Երևանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը, ասենք, կարող էր այդ միջոցառումներն իրականացնել հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում սկսել են պատրաստվել կուսակցության 6-րդ համաժողովին, որի ընթացքում նոր վարչություն է ընտրվելու։ Չնայած գործող վարչության ժամկետը լրանում է հունիսին՝ 2019-ի հունիսին է ընտրվել, սակայն իշխող թիմում արդեն աժիոտաժ է։ ՔՊ վարչությունում ընտրվելը կառավարության անդամ դառնալուն համազոր բան է, եթե ոչ ավելի, քանզի այստեղ են քննարկվում շատ հարցեր, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի թեկնածությունները։ Յուրաքանչյուր ՔՊ-ական երազում է վարչության անդամ լինել, իսկ ոմանք՝ վարչությունում համախոհների թիմ ունենալ, որպեսզի պրոցեսների վրա ներազդեն, ուստի պայքարը թեժ է լինելու։ «Իհարկե, բարդ է լինելու, քանի որ ՔՊ պատվիրակները, այսինքն՝ ընտրողները, գերազանցում են 1000-ը, եւ դժվար է լինելու ծանոթ-բարեկամ-յուրայինով ընտրվելը»,- ասաց ՔՊ աղբյուրը»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վիժեցնեն Հայաստանի «պարտվողական» օրակարգը։ Նա կասկած է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ հայանպաստ փաստաթուղթ է պատրաստվում, բանագնացները ոչ թե դիվանագիտական կապեր հաստատելու շուրջ են բանակցում, այլ՝ փաստաթղթի․ «Ուստի օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, վիժեցնել պարտվողական օրակարգը, եթե սպասենք հաջորդ ընտրություններին, հնարավոր է Հայաստան չլինի»։
Մեր լրագրողի հարցին, թե երբ են մեկնարկելու հեռացնելու գործընթացը, Սաղաթելյանը վստահեցրել է՝ շուտով, ժողովրդին էլ կոչ է արել ինքնակազմակերպվել։ Որոշ տեղեկություններով, ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







