«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ օրը, սատանա բռնելու գործընթացը ձախողած, իսկ պատերազմի դավաճաններին ուշացումով «հայտնաբերած» հայրենի ԱԱԾ-ն «մեծ շուքով» մտել է Չարենցավանի համայնքապետարան՝ «կոռուպցիա հայտնաբերելու»։ Ու ոչինչ չի հայտնաբերել։
Մեզ ասացին, որ ԱԱԾ-ի Չարենցավանի տարածքային բաժնի աշխատակիցներն ինչ-որ մեկի «նավոդկով» մտել են քաղաքապետարանի շենք ու հարցաքննության տարել համայնքապետարանի որոշ աշխատակիցների, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարին, լրատվական բաժնի օպերատորին եւ մի քանի այլ մանր ու միջին կալիբրի պաշտոնյաների։ Հիմնական խնդիրը, ըստ նախնական տեղեկության, եղել է այն, որ ինչ-որ մեկն իրենց «խաբար է տվել», թե լրատվական բաժնի օպերատորը կողքից ուրիշ գործ է անում կամ այլ շենքում է նստում՝ քաղաքապետարանում նստելու փոխարեն, ու քաղաքապետարանի գործերը, իբրեւ թե, չի կատարում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:
Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից՝ նա այնքան էլ լավ չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները, եւ դատական համակարգի հնազանդեցման գործընթացը դանդաղ է ընթանում։
Լուրեր կային անգամ, որ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում` մարդ, ով համակարգը կհավաքի բռում: Նաեւ սրանով են բացատրում այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ջհանգիրյանի դեմ ԱԺ ընդդիմության հայցը, որտեղ վիճարկում են վերջինիս ընտրությունը` Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի համաձայն (ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում)»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։
Մեզ տեղեկացրեցին, որ առանձնակի ուշադրություն են դարձվում մարզային կառույցների գրասենյակներին, ֆիքսվում է սեփականաշնորհման տարեթիվը, առանձնացվում է, թե ում օրոք և ինչ գնով է այն սեփականաշնորհվել, ուսումնասիրվում են մնացած բոլոր մանրամասները։ Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում, զուգահեռաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի մարզերում բավական մեծ շինություններ է վարձակալել՝ մարզային գրասենյակների աշխատանքն ապահովելու նպատակով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում մարտի 27-ին սպասվող նոր ընտրություններում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, որը 2018-ից հետո դուրս գալով ՀՀԿ-ից, սեփական՝ «Կայունություն» կուսակցությունը հիմնեց եւ Արարատում մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մտավ ավագանի։ Վեդիում նրանց թեկնածուն լինելու է Արարատի նախկին փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին։ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ մրցապայքարը երկու ուժի մեջ չընթանա, քանի որ վստահ է, որ այդ դեպքում «Հզոր համայնքի» հաղթանակն այլընտրանք չունի: Եթե 3 ուժ մասնակցի, ապա հետընտրական դաշինք կարող է ձեւավորվել, եւ մեկ անգամ ձախողված Գարիկ Սարգսյանը կարող է մի կերպ համայնքապետ ընտրվել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






