«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական CodeSignal ստարտափը, որը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ, նախատեսում է Եվրոպայի 8 երկրի աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով, կազմակերպել Հայաստանում: Փետրվարի 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հավաքը հագեցած է լինելու նաև պատմամշակութային ճանաչողական ծրագրերով. կլինեն այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, և արտասահմանից ժամանած մասնագետները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առանձնահատկություններով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտագաղթի տեմպերն աճում են. ՀՀ-ից գնացել ու չի վերադարձել 73 հազար քաղաքացի։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Գնացել է ընդհանուր առմամբ 762 հազար 792, վերադարձել է 689 հազար 221 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։
Իսկ, ահա, անցած տարի Հայաստանի շուրջ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






