Բաքուն պատրաստվում է մինչև 2023 թ.-ի վերջ ավարտել մինչև Հայաստանի հետ սահմանի 110 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը։
«2021 թվականին սկսված աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Նախագիծն իրականացվել է 24 տոկոսով»,- ընդգծել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին կառավարության նիստում հայտնել էր, որ մեկ օր առաջ Երևանում կայացած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովի հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցը: Փաշինյանի խոսքով՝ արդեն քննարկվում են տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծման, ինչպես նաև երկաթուղու կառուցման և դրա ֆինանսավորման հարցերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







