«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։
Իսկ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի սկզբին՝ մարտի 1-4-ն ընկած հերթական նիստերի օրերին։ Որքան էլ տարակուսելի է, բայց Սահմանադրությամբ նախատեսված «անաչառ» նախագահը մինչեւ այս պահը ընդդիմադիր դաշինքների հետ հանդիպելու առաջարկ կամ պատրաստակամություն չի հայտնել։
Թեպետ առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Այսինքն, առաջին փուլում իրենց թեկնածուին անցկացնելու համար իշխանական խմբակցությունն ընդդիմության ձայների կարիքն ունի, բայց քանի որ նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունն անհրաժեշտ ձայները միայնակ կարող է ապահովել, ուստի ընդդիմությանը չեն էլ փորձում ներգրավել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար:
Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։ Օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել:
Մասնավորապես` մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն դրա փոխարեն Փաշինյանի անձնական անվտանգության պաշտպանությունը ստանձնած ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն, գործով անցնող մեղադրյալների մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Եվ, ահա, հիմա էլ դատախազությունը ոստիկանությանն է կոշտ քննադատության ենթարկել եւ այն էլ՝ հրապարակային»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






