«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի եւ սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։
Մի կողմից՝ Փաշինյանն է ուզում ազատվել, մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում, եւ Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ արցախյան աղբյուրների, ժամանակ շահելու նպատակ ունի։ Զուգահեռ, լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։
Խոսքը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Լեւոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի եւ մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տեւական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես` չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել:
Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»։
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս:
Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ:
Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






