Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա գրոհային ահաբեկիչների հայտնվելուն։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Ղազախստանի հարցով առցանց նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք նոր սպառնալիքների հետ բախվել։ Ղազախստանի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակը մեզ մոտ հատուկ տագնապ և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմավորումների ներգրավվածության մասին տեղեկություններ ներկայացնելու պատճառով։
Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա գրոհային ահաբեկիչների հայտնվելու հետ»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ «ՀԱՊԿ շրջանակներում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կնպաստեն երկրի բնականոն կյանքի վերականգնմանն ամենակարճ հատվածում»:
«Ելնելով դրանից՝ ՀԱՊԿ անդամ պետություններից ակնկալում ենք համատեղ ջանքերի ավելացում՝ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման նպատակով, ինչն անվիճելիորեն կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ կազմակերպության համապատասխան մեխանիզմների ամրապնդմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:
Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը նշել է ՀԱՊԿ երկրների միջև Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ բարձր փոխըմբռնումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






