Տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Նա երդվեց և պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
Հրաչյա Սարգսյանը երդվեց Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները։
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասաց նա։
Տեղեկացնենք, որ երդմնակալության արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետեր և այլք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որին միացել էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






