Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:
Դեկտեմբերի 18-ին Հայաստան ժամանեց Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը:
ArabNews-ն այսօր հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Տեսանյութերի հետ հրապարակվել է նաև Ֆայսալ Աբբասի՝ հարցազրույցն ընդհանրացնող հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշում է. «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այս տարվա հոկտեմբերին այցելեց Սաուդյան Արաբիա: Թեև երկու երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով»:
Ստորև թարգմանաբար ներկայացվել է հարցազրույցի՝ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին վերաբերող հատվածը.
«Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից: Մենք սկսեցինք հաղորդակցվել, նամակներ էինք միմյանց գրում՝ կրոնական, ազգային կամ պետական միջոցառումների առնչությամբ: Դրանք շատ պատկառելի և խոր իմաստ ունեին: Այդ կերպ աստիճանաբար հատուկ հարաբերություններ սկսեցին, և մենք սկսեցինք խոսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին: Այդ հաղորդակցությունների գագաթնակետը դարձավ իմ այցելությունը մայրաքաղաք Ռիադ: Իմ ոչ երկար, բայց բովանդակային քննարկումները թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ շատ առանձնահատուկ էին: Առաջին հերթին դրանք վերաբերում էին մեր ժողովուրդների և պետությունների միջև փոխադարձ հարգանքին, ինչպես նաև՝ մեկս մյուսի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքին: Հաջորդիվ մենք խոսեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների մասին: Ըստ էության, երկուսս էլ համաձայնեցինք, որ իմ այդ այցով սկիզբ դրվեց մեր դիվանագիտական հարաբերություններին: Ես Պետնախարարին և Թագաժառանգին հրավիրեցի այցելել Հայաստան: Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ»,- նշել է նախագահը։
Նախագահն ընդգծել է, որ երկու կողմերը շա՛տ պետք է աշխատեն մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերը՝ լինելով ամերիկացի, լիբանանցի, և այլն, այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում․
«Հայաստանում՝ տեղական մակարդակով թերևս կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ ևս կարող են լինել կարծիքներ Հայաստանի մասին, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել: Մենք շատ բան ունենք ցույց տալու»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







